Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱՄՆ-ը վերադառնում է Սիրիա՝ նավթի հետևից

ԱՄՆ-ը վերադառնում է Սիրիա՝ նավթի հետևից
26.10.2019 | 14:03

ԱՄՆ-ը ծրագրում է տանկեր ու զինվորականներ ուղարկել՝ պահպանելու Սիրիայի արևելյան մասի նավթային հանքավայրերը: Դա կկատարվի՝ չնայած զորքերը Սիրիայի հյուսիսից դուրս բերելուն: Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան Newsweek-ին պատմել է, որ եթե Սպիտակ տունը հաստատի այդ ծրագիրը՝ ԱՄՆ-ը 30 «Աբրամս» տանկեր կուղարկի և տանկային բրիգադ: Սիրիայի արևելքում բարձր շահույթ ապահովող նավթային հանքավայրեր են, որ պահպանում են քրդերը: Վաշինգտոնի աջակցություն ունեցող Սիրիայի դեմոկրատական ուժերը, որոնց հիմքը ինքնապաշտպանության քրդական ջոկատներն են, շարունակում են նավթի հանույթը պաշտպանել: Նորությունը տարածվում է այն պահին, երբ ԱՄՆ այլ զորատեսակներ դուրս են բերվում տարածքից, որ վերահսկում էին Սիրիայի դեմոկրատական ուժերը, իսկ ՆՍՏՕ-ի անդամ Թուրքիան փորձում է չեզոքացնել քրդերի ինքնապաշտպանական ուժերի ազդեցությունը՝ իր սիրիացի դաշնակիցների օգնությամբ: Թուրքական գործողությունը կասեցվեց ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությամբ, որի համաձայն թուրքերի առաջխաղացումը կսահմանափակվի 30 կիլոմետրանոց անվտանգության գոտով: Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնության շնորհիվ հաջողվեց փրկել «հազարավոր կյանքեր» և ինքն էլ կատարեց ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու իր խոստումը: Բայց չորեքշաբթի նա ասաց, որ զինվորականներին կթողնի հարավ-արևելյան Աթ Փանֆ զորանոցում, նաև կարևոր նավթային հանքավայրերում, որ գրավել են սիրիացի ապստամբները, հետո՝ ԻՊ-ը, իսկ հիմա ԱՄՆ աջակցությունն ունեցող Սիրիայի դեմոկրատական ուժերը: «Մենք վտանգազերծել ենք նավթը, այդ պատճառով փոքրաքանակ ամերիկացի զինծառայողներ կմնան այն շրջանում, որտեղ նավթ կա,-ասել է Թրամփը Սպիտակ տանը:-Մենք կպաշտպանենք ու կորոշենք, թե հետո ինչ անենք»: Սկզբում ԱՄՆ-ը Թուրքիայի հետ աջակցում էր ջիհադականներին, որ փորձում էին գահընկեց անել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, բայց հետո, երբ գերակա խնդիր դարձավ ԻՊ-ի ջախջախումը, Ամերիկան սկսեց աջակցել Սիրիայի դեմոկրատական ուժերին: Քանի որ ԻՊ-ը հիմնականում ոչնչացված է, իսկ Ասադի դիրքերը՝ շնորհիվ Իրանի ու Ռուսաստանի, ամրացել են, ԱՄՆ-ը ընդլայնել է իր խնդիրների շրջանակը՝ վճռելով սահմանափակել իր հակառակորդների ազդեցությունը այդ տարածաշրջանում:


Պենտագոնի ներկայացուցիչը Newsweek-ին պատմել է, որ նոր տանկային խմբավորումը թույլ չի տա ԻՊ-ին, Սիրիայի կառավարական ուժերին, Իրանին ներթափանցել նավթային հանքավայրեր: Բայց ԱՄՆ-ը չի կարող վերացնել Սիրիայի դեմոկրատական ուժերի ու Թուրքիայի հակասությունները, որ նրանց համարում է ահաբեկչական կազմակերպություն, որովհետև այդ ջոկատները իբր կապված են արգելված Քուրդիստանի աշխատավարական կուսակցության հետ: Վերջին տարիներին երկու գործողություն անցկացնելով, որ թուլացրեց քրդերի ազդեցությունը Սիրիայի հյուսիսում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս ամիս Թրամփի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ սպառնաց երրորդ գործողությունը սկսել և ակտիվացրեց իր զորքերն ու դաշնակիցների ջոկատները: Թրամփը վճռեց կայծակնային հետ քաշել իր զորքերը հյուսիսից, որ սկզբում հարուցեց քրդերի դժգոհությունը, նրանք ստիպված էին գործարքի գնալ Սիրիայի իշխանությունների հետ՝ հույս ունենալով, հետ մղել թուրքերի ներխուժումը: ԱՄՆ-ը դատապարտեց Թուրքիայի որոշումը և Անկարայի հետ հրադադարի համաձայնագիր կնքեց 5 օրով: Այդ համաձայնությանը փոխարինեց բազմակողմ պայմանավորվածությունը ՌԴ ու Թուրքիայի նախագահների միջև:
Չնայած ամերիկյան զորքերի դուրս բերմանը՝ Սիրիայի դեմոկրատական ուժերի հրամանատար Մազլում Քոբանին շնորհակալություն հայտնեց Թրամփին թուրքական հարձակումը կանխելու համար և ասաց. «Ես խոստանում եմ պահպանել Դեմոկրատական ուժերի հետ գործընկերությունը և նրանց երկարաժամկետ աջակցություն ցույց տալ տարբեր ոլորտներում»: Բաշար Ասադը, որ վերջերս իր գործընկերությունը քրդական ուժերի հետ անվանել էր «ազգային պարտք», բազմիցս հայտարարել է սեպարատիզմի և առանց հրավերի արտասահմանյան զորքերի ներկայության անթույլատրելիության մասին, նաև խոստացել է վերականգնել վերահսկողությունն ամբողջ Սիրայի վրա: Մոսկվան կիսում է այս տեսակետը: ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ «նավթային բոլոր հանքավայրերը պետք է անցնեն օրինական կառավարության ենթակայության տակ»:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել են, որ Սիրիայի դեմոկրատական ուժերը՝ նավթի սիրիական պետությանը վաճառքի պայմանագիր են կնքել: Չորեքշաբթի ճեպազրույցում պատասխանելով նավթի իրավիճակի վերաբերյալ հարցին՝ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է նախագահի խոսքերը, ասելով, որ այդ ռեսուրսների վերջնական ճակատագիրը դեռ որոշված չէ:


«Նախագահը հայտարարել է, որ մենք ոչ մեծ ուժեր կթողնենք տարածաշրջանում, որ պաշտպանենք նավթի հանքավայրերը, նաև Աթ Թանֆ բազան Սիրիայի հարավում: Դրանք կարևոր շրջաններ են, որ թույլ են տալիս մեզ արգելակել ԻՊ-ի վերականգնումը: Եվ վերջապես՝ որոշակի առավելություններ կստանան քրդերը և այլ դեմոկրատական ուժեր, որ վերահսկում են նավթը»՝ ասել է պաշտոնյան: «Ինչ վերաբերում է նավթի վաճառքի մեխանիզմին և մնացյալին, մենք անպայման կվերլուծենք և կհետևենք դրան: Մենք մանրակրկիտ հետևելու ենք: Նախագահի, վարչակազմի նպատակը, որ նա հստակ հայտարարեց, Սիրիայից ամերիկյան բոլոր ուժերը դուրս բերելն է, և մենք գտնում ենք, որ ի վերջո դա կլինի»: Պենտագոնը, պատասխանելով Newsweek-ի հարցին՝ հղում է արել երկուշաբթի ՊՆ նախարար Մարկ Էսպերի հայտարարությանը: «Մենք զորքեր ունենք գյուղերում, Սիրիայի հյուսիս-արևելքում, որ նավթային հանքավայրերի կողքին են: Այդ բնակավայրերից զորքերը հիմա դուրս չեն բերվում,-ասել է Էսպերը Քաբուլում մամլո ասուլիսում: «Ամերիկյան զորքերի դուրսբերման համար կպահանջվեն ոչ թե օրեր, այլ՝ շաբաթներ: Մինչև այդ մեր զինվորականները կգտնվեն նավթահանքերի մոտակա բնակավայրերում: Այդ զորքերի նպատակը՝ Սիրիայի դեմոկրատական ուժերի համագործակցությամբ, ԻՊ-ի ներթափանցումը կանխելն է այդ հանքավայրեր»՝ հավելել է նախարարը:
Թոմ Օ’Կոննոր, Ջեյմս Լապորտա, Newsweek (ԱՄՆ)


Հ.Գ. Իվերջո՝ պատերազմը Սիրիայում սկսվեց նավթի ու գազի պատճառով և բնական է, որ պատերազմի ավարտին ևս այս հարցը պիտի դառնա գլխավոր: Թուրքիան իր անվտանգության գոտում վերցրեց նավթն ու գազը դեպի Միջերկրական հասցնող ճանապարհը, Թրամփը իր վերահսկողության տակ է վերցնում հանքավայրերը և հայտարարում է, որ դեռ կորոշի ինչ անել, Ասադը պահանջում է վերադարձնել, ՌԴ-ն հայտարարում է, որ Սիրիայի ամբողջ տարածքը պետք է վերահսկի Բաշար Ասադը:
Կամ՝ կսկսվի պատերազմի երկրորդ փուլը, կամ այլևս, ռազմական, նյութականո ւ ֆիզիկական ռեսուրսները սպառած կողմերը կգերադասեն բանակցությունները՝ մի մասը՝ Ժնևում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո, մի մասը՝ Աստանայում՝ Ռուսաստան-Թուրքիա-Իրան ձևաչափով: Սիրիայի կոնֆլիկտը դեռ չի սպառել իրեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4567

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ